Book now

Գոնե երկու շաբաթը մեկ կտրվե՛ք քաղաքից, գնացե՛ք բնության գիրկը, զբոսնե՛ք արահետներով

Ընկերներն ասում են, որ Գրիգորը բարի մարդ է, թեպետ դյուգրգիռ է շատ. «ճղագրգիռ» բառն են օգտագործում նրան բնութագրելու համար, բայց ամեն անգամ այդ բառն ասելուց հետո շեշտում են. «մեկ է, շատ բարի է»:

Գրիգորը 23 տարեկան է, ծնվել է, ապրել, մեծացել Իջևանում, սակայն նկատում է, որ քաղաքից կտրված երեխա է եղել. «Սարերն եմ սիրել, լեռները, բնությունը, դրանք միշտ կանչել են ինձ: Ազատ ժամանակս բնության գրկում եմ անցկացրել, քաղաքի թոհուբոհից հոգնում էի, բնության մեջ էի հանգիստս գտնում, դա է իմ բնական միջավայրը»:

Աշխատել սկսել է դեռ 15 տարեկանից: Աշխատանքի ընտրության հարցում երկար չի մտածել. Մասնագիտությամբ պատմաբան է, հայոց պատմության մեծ սիրահար, դրան էլ գումարվում է սերը բնության հանդեպ ու մասնագիտությունը ինքն իրեն պարզ է դառնում. Ուղեկցող կամ տարածված միջազգային տերմինով՝ գիդ: Սա այն է, ինչով դեռ մանկուց զբաղվում է տղան: «Տուրիստներին Լաստիվեր էի ուղեկցում: Գիտե՞ք, Լաստիվերի քարանձավների պատմության հետ կապված տարաձայնությունները շատ են, իմ առջև առաքելություն էի դրել տրամադրել ճշգրիտ ինֆորմացիա երկրիս, դրա պատմության և գաղտնիքների մասին»:

Աշխանատքի ու ընտրած ոլորտի մասին խոսելիս՝ տղան հիշեց դպրոցական տարիներին իր գրած շարադրության մասին։ Հիշեց ու ժպտաց, երևի հասկացավ, որ դեռ մանկուց էր իր համար որոշել՝ ինչով է զբաղվելու, ինչ պետք է անի հետո. «Մի անգամ դպրոց մարդիկ եկան նախարարությունից ու մրցույթ հայտարարեցին․ պետք է շարադրություն գրեինք «Ով, եթե ոչ ես» վերնագրով: Նստեցի, մի քանի րոպե մտածեցի ու վստահ գրեցի. «Ով, եթե ոչ ես, երկրի նախագահ»: Տեքստիս մեջ մանրամասն շարադրել էի տուրիզմի կարևորության մասին, նշել, որ միայն այս ոլորտի բարելավման մեջ եմ տեսնում երկրիս առաջխաղացումը: Մեր երկիրը գազ չունի, նավթ չունի, բայց որքան հրաշալի բնություն ունի, որքան գողտրիկ վայրեր կան, ինչքան վանք ու եկեղեցի կա, որոնց հնության հետ դժվար թե կարողանան մրցել աշխարհի մյուս ծայրերում գտնվող կոթողները: Եվ այսպես, այս բոլոր մտքերը թղթին հանձնեցի և հաղթեցի մարզային փուլը: Ճիշտ է, հետո նախագահ չդարձա, բայց համարում եմ, որ իմ լուման ունեմ տուրիստական ոլորտի բարելավման հարցում»:

15 տարեկանից ի վեր մոտ տասը հազար զբոսաշրջիկ Տավուշի մարզի տեսարժան վայրերին, գեղեցիկ ու միստիկ բնությանը ծանոթացել է հենց Գրիգորի շնորհիվ: «Դեպի Լաստիվեր ճանապարհ սանցնում էր «Ապագա ռեզորթի» ու «Յելլ էքսթրիմ պարկի» միջով: Ինչ-որ շինարարական աշխատանքներ էին տարվում այդ ժամանակ, չգիտեի՝ ինչ են կառուցում, բայց շատ էի ուրախանում, երբ անցուդարձ էի նկատում հայրենի հողերումս»,- նշում է Գրիգորն ու ավելացնում, որ չէր պատկերացնում, որ շուտով այդ մեծ նախագծի մի մասն է դառնալու: «Ընկերս՝ Արամը, անձնակազմ էր հավաքում «Յելլում» աշխատելու համար: Եղբայրս էլ՝ Նարեկը, խորհուրդ տվեց փորձել և աշխատել «Յելլում»: Արամն էլ, Նարեկն էլ վստահ էին, որ սա իմ տեղն է, որ ես հենց այստեղ պետք է աշխատեմ: Ինչո՞ւ ոչ, սա այն է, ինչ ես սիրում եմ. Մի խոսքով, շուտով դարձա «Յելլէքստրիմ պարկի» անդամ, նրանց ընտանիքի մի մաս»:


Հիմա արդեն Գրիգորն իր կյանքը առանց «Յելլի» ու առանց էքսթրիմի չի պատկերացնում: «Եթե նույնիսկ աշխատանքի չեմ, միևնույնն է պետք է Պարկ գամ: Տխրում եմ, երբ այստեղ չեմ, չնայած՝ ընկերուհի ունեմ, արդեն նշանված տղա եմ»: Գրիգորը ծիծաղում է, եթե նշանածը չլիներ, առավոտից մինչ երեկո այստեղ էր լինելու: Հիմա ժամանակը բաշխում է Պարկի ու նշանածի միջև:

«Յելլը» տղայի կյանքում շատ բան է փոխել. «Երեք կարևոր բան եմ ստացել Պարկից. Նախ սկսել եմ հասկանալ ու գնահատել իմ կարևորությունը: Հասկանո՞ւմ եք, այստեղ ես անչափ կարևոր մարդ եմ բոլոր նրանց համար, ովքեր պետք է թռչեն զիփլայնով, նրանք իրենց կյանքն են ինձ վստահում: Շատ հետաքրքիր զգացողություն է, երբ կարևոր ես քեզ համար անծանոթ մարդու համար: Երկրորդը՝ պատասխատավության զգացումն է, որն այստեղ եռապատկվել, չէ´, քառապատկվել է: Ես միայն ինձ համար չեմ պատասխանատու: Տեսե՞լ եք, թե ինչպես եմ 6 տարեկան երեխային գրկած թռնում ձորի վրայով. Փոքրիկը լիովին վստահում է ինձ, նրա ծնողները ևս: Պատասխատանվությունը այն կարևոր հատկանիշներից է, որն ամբողջ կյանքիս ընթացքում կլինի ինձ հետ: Եվ իհարկե, ադրենալինը, առանց որի ես ինձ չեմ պատկերացնում»:

Զրույցի վերջում էլ տղան իր ընթերցողին փոքրիկ խորհուրդ տվեց՝ հուսալով, որ դա կօգնի նրանց գտնել երջանկությունն ու ներքին հարմոնիան. «Գոնե երկու շաբաթը մեկ կտրվե´ք քաղաքից, գնացե´ք բնության գիրկը, զբոսնե´ք արահետներով, մաքուր օդ շնչե´ք, դա թանկ հաճույք չէ: Վստահեցնում եմ, որ շուտով ինքներդ էլ կզգաք, թե որքան է դա ազդում ձեր ինքնազգացողության և ներքին հանգստության վրա: Դե՛, ադրենալինի մասին էլ պետք չէ մոռանալ, կախվածության մեջ ընկնել պետք չէ, բայց բավարար քանակից դուք պարզապես երջանիկ կլինեք»: