Book now

Երազում էի գիմնաստ դառնալ ու հիմա Yell-ում «օդային գիմնաստիկա» եմ ցուցադրում

2017 թվականը «Յելլ էքսթրիմ Պարկի» համար ձեռքբերումների տարի էր: Մեր նախագծի հաջողության գրավականներից մեկը մեր թիմն է, որում միավորված են տարբեր նախասիրությունների, խառնվածքի երիտասարդներ: Նրանցից շատերին գուցե դուք արդեն ճանաչում եք: Բացահայտելու համար նրանց նաև որպես անհատներ՝ մենք այսուհետ պարբերաբար կներկայացնենք մեր թիմի անդամներից յուրաքանչյուրից փոքրիկ պատմություններ, որոնց կարող եք հետևել մեր բլոգում:

Վահե Վելումյան, «Յելլ էքսթրիմ պարկի» համակարգող, 24 տարեկան, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից

Ընկերների բնութագրմամբ Վահեն չափազանց ռոմանտիկ է և գեղեցիկը տեսնելու ու կախարդական կտավներ ստեղծելու նկարչին հատուկ զարմանալի ունակությամբ է օժտված:

Մի անգամ «Յելլի» փոքր տնակներից մեկի մոտ Վահեն գտնում է ալբոմ՝ լի տարբեր տեսակի էսքիզներով և գունեղ պատկերներով: Նկարների հեղինակը այն թողել էր Պարկում և գնացել զվարճությունների հետքերով: Նկարչին բնորոշ թուլությամբ Վահեն վերցնումէ «լքված» ալբոմը ևիր մտքերի արտացոլանքը հանձնում թղթին. «Նկարել էի մեր Պարկի փոքրիկ և հարմարավետ տնակները, որոնք ասես միաձուլված են բնությանը: Ընդհանրապես ամեն ինչում փնտրում եմ գեղեցիկը և ապրում դրանով՝ մի սիրուն սարով, ծառով, սկյուռով… (հեղ.-Վահեն ժպտում է): Երբ նկարս ավարտեցի, մակագրեցի և հեռացա: Քիչ անց ալբոմի հեղինակը, ով պարզվեց, երիտասարդ աղջիկ նկարիչ էր, մոտեցավ ինձ. վաղուց էր վերադարձել և հեռվից լուռ հետևում էր: Զարմացավ՝ տեսնելով նկարած և շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ շատ հաջող է ստացվել»:

Նկարչությունը Վահեի հոբբին է: Տղան ավարտել է «Երևանի պետական համալսարանի» Իջևանի մասնաճյուղի «Կիրառական արվեստի» ֆակուլտետը: Այնուհետև մեկնել է ծառայության ՀՀ զինված ուժեր, իսկ վերադառնալուց հետո՝ 2016 թվականին «հրապուրվել» է զիփլայնի հրահանչգի աշխատանքով:

«Մանկուց աշխույժ եմ եղել, սիրել եմ վտանգավոր բարձրություններ: Ցանկանում էի գիմնաստ դառնալ, բայց, ինչպես տեսնում եք, այսօր գիմնաստիկան օդում եմ ցուցադրում,-ոգևորված պատմում է Վահեն և շարունակում,- «Օդում ունենում եմ անբացատրելի դրական զգացողություններ և միշտ ձգտում եմ ավելի էքսթրեմալ զվարճությունների: Էքսթրիմը ռիսկ է, որը քեզ ինքնավստահություն է հաղորդում»:

Վահեիհամար «Յելլը» մի մեծ ընտանիք է դարձել: Տարբեր մարդկանց հետ ամենօրյա շփումը նոր փորձառություն և մարդկանց ավելի լավ ճանաչելու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս: «Մարդկանց հետ աշխատելը և՛ հաճելի է, և՛ դժվար. այստեղ հանդիպել եմ տարաբնույթ մարդկանց և ձեռք եմ բերել նոր ծանոթություններ և ընկերներ, նույնիսկ հասցրել եմ մտերմանալ որոշ ընտանիքների հետ»:

Վահեին ճանաչողները գիտեն՝ շատ է սիրում երեխաներին, երեխաներն էլ իրեն: Երեխաներին օգնել հաղթահարել իրենց վախերը Վահեի համար կարևոր առաքելություն է: Մանուկների աչքերի փայլը, խանդավառությունը, չարաճճիություններն արդարացնում են իր այստեղ լինելը: «Երեխաներն այս աշխարհի ամենաանմեղ էակներն են, ինձ հաճելի է շփվել նրանց հետ: Ի դեպ, երեխաներն ավելի համարձակ են, քան մեծահասակները: Գուցե պատճառն այն է, որ դեռ երեխա են… Եղել են դեպքեր, որ ծնողը վախեցել է, իսկ երեխան փորձել է ամեն կերպ համոզել նրան՝ «մա՜մ, արի′, վախենալու չի»:

Էքսթրիմի սիրահարն ունի կյանքի նկատմամբ իր մոտեցումը. «Նախևառաջ ճանաչել ինքդ քեզ, փորձել քո առջև դնել ինչ-որ դժվարություններ և հաղթահարել դրանք՝ միշտ առաջ նայելով: Դժվարությունը կանցնի, կարևորը, թե դու ինչ մտքեր, նպատակներ կունենաս այդ ընթացքում: Ես և՛ մեծերին, և՛ փոքրերին խորհուրդ եմ տալիս կյանքի նկատմամբ զինվել լավատեսությամբ: Իսկ եթե ունեն վախեր, գան այստեղ և հաղթահարեն դրանք, ինչպես շատերի մոտ է ստացվել»: